Facebook-ը կսկսի ջնջել deepfake-երը

Facebook-ը հայտնեց ֆեյք վիդեոների դեմ պայքարի նոր ալիքի մասին: Խոսը Deepfake-երի մասին է, որոնց ստեղծման նպատակը մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելն ու մոլորության մեջ գցելն է:

Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է սոցկայքի բլոգում:

Նախքան բուն նյութին անցնելը նախ հասկանանք դիփֆեյքի էությունը: Deepfake բառն առաջացել է անգլերեն deep (խորը) և fake (կեղծ) բառերից: Սա արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիա է, որը ստիպում է հոլովակում պատկերված մարդուն ասել այն, ինչ նա երբեք չի ասել ու անել այն, ինչ երբեք չի արել:
Պարզ ասած՝ այս տեխնոլոգիան ուսումնասիրում է նկարում կամ վիդեոյում պատկերված մարդուն ու նրա՝ նախկինում ձայնագրված հոլովակների ու նկարների վրա հիմնվելով՝ վերլուծում է այս կամ այն հնչյունն արտաբերելիս նրա բերանի ձևն ու դիմախաղը: Այնուհետև այդ վերլուծության հիման վրա ստեղծվում է նոր հոլովակ, որում մարդը ասում է նախապես որոշված տեքստը:

Facebook-ը տեղեկացնում է, որ կջնջի deepfake-ները՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա՝
•    Արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված հոլովակներ, որոնցում կոնտենտը փոփոխված է կամ աղավաղված:
•    Հոլովակներ, որոնք խմբագրվել են սովորական մարդու աչքի համար անտեսանելի եղանակներով: Արգելված է այնպիսի կոնտենտի հրապարակումը, որը մոլորեցնում է օգտատերերին՝ ստիպելով մտածել, որ վիդեոյում պատկերված անհատը ասել է այն, ինչն իրականում երբեք չի ասվել:
Սահմանափակումների մեջ չեն մտնում սատիրիկ և կրկնօրինակող հումորային հոլովակները, ինչպես նաև այն հոլովակները, որոնցում կտրվել են ավել բառերը կամ փոփոխվել է դրանց դիրքը: 


Դե ինչ, սա էր այսօրվա նորությունը: Կարծում ենք, սա բավականին լավ միջոցառում է՝ ուղղված ապատեղեկատվության տարածման գոնե ինչ-որ չափով կանխարգելմանը: 
Ցանկանու՞մ եք արդար և օրինական ձևով հոլովակների միջոցով դեպի Ձեր բիզնես էջ գրավել օգտատերերին, անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «Ինչպե՞ս վիդեոյով լիդերին գրավել: 3 խորհուրդ»: