Նեյմինգ: Ընկերության համար անուն մտածելու 6 տարբերակ

Անվանումը շուկա մտնելու կարևորագույն տարրերից է:  Դրանով է պայմանավորված՝ ձեզ ինչպես կընդունեն սպառողները և կմտապահե՞ն արդյոք: Ահա անուն որոշելու ամենից արդյունավետ տարբերակներից մի քանիսը ու դրանց հաջողված օրինակները:

Հիմնադիր(ներ)ի անվան կամ ազգանվան հետ կապված անուններ

Սա նեյմինգի ամենատարածված տարբերակներից է, օրինակ՝ Roberto Cavalli, McDonald’s, Procter & Gamble, Gillete: Այստեղ կարևորն այն է, որ անվանումն աբսուրդային չստացվի և կրկնվող չլինի, քանի որ այդպես հաջողության հասնելն ավելի է բարդանում: Բայց պետք է նշել նաև հակառակը. օրինակ՝ Tom Ford-ը հայտնի դարձավ շուկայում՝ արդեն իսկ ճանմաչված ազգանվանը կցելով նաև իր անունը: Կամ Ermenegildo Zegna-ն, լինելով այդքան երկար ու բարդ անուն, կարողացավ շուկայում գտնել առաջատար դիրք:

Բառերի, անունների կոմբինացիա

Այստեղ ևս էականն այն է, որ համադրությունից անհեթեթություն չստացվի և չառաջացնի բացասական ասոցիացիաներ: Հաջողված օրինակ է Adidas-ը, որն առաջացել է  ընկերության հիմնադիրի՝ Ադոլֆ Դասլերը անվան ու ազգանվան առաջին վանկերը համադրելուց: Նմանատիպ օրինակներ են նաև BANANAS-ը, 4you-ն:

Ռիթմ և հանգավորում

Անունը հիշելն ավելի  հեշտ է դառնում, երբ դրանում կա ռիթմ, բառերի կրկնություն և հանգավորում: Օրինակ՝ Dip’n’dip, Mini me, Coca-Cola, M&M's, Chupa-Chups, Shake'n’Bake և այլն:

Ակնարկ

Սա անվան գեներացում է, որում ակնարկվում է արդեն բոլորին հայտնի հասկացությունը, գրական կամ պատմական աղբյուրը, անց են կացվում զուգահեռներ: Օրինակ՝ Լեդի X ասելիս հիշում ենք բոլորին հայտնի Միստեր X-ին կամ Գրիմ եղբայներ ասելիս հիշում ենք նախ հեքիաթասացներին, հետո նույնանուն երաժշտական խումբը: Այս կատեգորիային է պատկանում 7-Eleven խանութների ցանցը, որի անվանումը հուշում է, որ այն աշխատում է 07:00-23:00, և հենց սա էլ պայմանավորեց այս ցանցի հաջողությունը, քանի որ այն հիմնադրվել էր 1927թ., երբ աշխատանքային նման գրաֆիկը հազվադեպ էր հանդիպում:

Ասոցիացիաներ, կարծրատիպեր

Երբ անունը մարդկանց մոտ առաջացնում է ճիշտ էմոցիաներ, դա խիստ օգնում է թե՛ ճանաչելիության բարձրացմանը, թե՛ անվան հիշելիությանը (օրինակ՝ Red Bull, Puma, Jaguar, Bounty):

Տառային և վանկային հապավումներ

Սա հատկապես այն ժամանակ է կիրառելի, երբ երկար անվանումից խուսափելու տարբերակ չկա: Տառային հապավումների հիանալի օրինակներ են IKEA, BMW, ЦУМ, NASA: Վանկային տարբերակով ավելի է հավանական հնչեղ անվանումներ ստանալը: Օրինակ ցանցային սարքավորումների արտադրությամբ զբաղվող CiscoSystems ընկերության անվանումն առաջացել է San Francisco-ից: Նույն սկզբունքով է առաջացել Intel-ը, որի ծագման հիմքում ընկած է Intergral Electronics բառակապակցության սկզբնամասը: